Thursday, May 3, 2018

Իմ սրտի երգը...


Դեռ մանկուց ոչինչ չեմ սիրել անել, իսկ ինչ-որ բան անելուց շատ շուտ հոգնել եմ: Այդպես ինձ փորձեցի շատ բնագավառներում: Երգում ինձ չէի փորձել, բայց միշտ սիրել եմ երգել: Առաջին անգամ երգեցի Անի Նավասարդյանի մոտ, որպեսզի դառնամ «Խազ»՝  «Սեբաստացի Խազ»: Իսկ հետո որոշեցի միանալ  տիկին Մարինեի մանկապատանեկան երգչախմբին, հետո` Նելլի Փիլոյանի «Անլուրջ» երգչախմբին: Այսքան երգչախմբերում երգելուց հետո երբեմն մտածում եմ, իսկ ինչո՞ւ եմ երգում…:

Սկզբից այդ հարցի պատասխանը չէի գտնում: Մտածում էի՝ նրա համար է, որ ուղղակի սիրում եմ երգել: Հետո հասկացա, որ այն ուղղակի կապված է իմ ընտանիքի հետ: Մեր ընտանիքում երգողներ շատ են եղել: Այսպես ասած՝ երգը արյանս մեջ է: Մայրիկիս պապիկն ու տատիկը երգել են: Երգել է նաև պապիկս: Երգում է նաև մայրիկս՝ «Սեբաստացի» ուսուցչական երգչախմբում, երգել է նաև «Սեբաստացիներ» վոկալ համույթում: Պապիկիս ծնողների մասին քիչ բան գիտեմ, բայց ինչ էլ որ գիտեմ, բավական է ասել, որ նրանք շատ լավ ձայն են ունեցել: Իսկ պապիկիս մասին ոչ միայն գիտեմ, այլև ինքս եմ լսել նրա երգերը: Պապիկս, ինչպես նաև նրա ծնողները, հասարակ գյուղացիներ են եղել, բայց ունեցել են հզոր ձայն ու մեծ սիրտ: Մայրիկս նրանցից ժառանգել է ոչ միայն հզոր ձայն, նաև՝ շատ մարդկային հատկանիշներ: Իսկ նրանցից արդեն՝ ես: Երգելը ինձ դուր է գալիս: Կարելի է ասել՝ պաշտում եմ այն: Սա գրելուց առաջ երկար մտածեցի, թե ինչու և ինչպես եմ երգում, ում համար: Երկար մտածելուց հետո գտա իմ հարցերի պատասխանները: Առաջին հերթին երգում եմ ինձ համար, իսկ հետո՝ երգում եմ իմ սրտում ապրողների համար ու նրանց եմ նվիրում իմ երգերը: Այն երգերը, որոնք ամբողջ հոգով եմ երգում:

No comments:

Post a Comment