Կարկուտը բնական երևույթ է, պինդ մթնոլորտային
տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Կարկուտն առաջանում է, երբ երկրի մակերեսից
բարձրացող օդային ուժեղ հոսանքների ազդեցության տակ գերսառեցված ամպերում տեղի է ունենում
ջրի կաթիլների արագ սառեցում և սառցապատում: Կարկտաբեր ամպեր հիմնականում ձևավորվում
են լեռնային գոտիներում:
Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը՝ 6-55 մմ,
երբեմն՝ ավելի քան 7 սմ։ Մինչև 20 մմ տրամագծի դեպքում կարկուտը համարվում է օդերևութաբանական
վտանգավոր երևույթ, 20 մմ-ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր։ Տևողությունը, որպես
կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ:
Այս տեսանկյունից Հայաստանը համարվում է աշխարհի կարկտավտանգ տարածքներից մեկը:
Տարվա ընթացքում կարկուտով օրերի առավելագույն թիվը Տաշիրում կազմում է 19 օր, Արագածոտնում՝
9 օր, Երևանում՝ 7 օր: Կարկտահարության հասցրած վնասը կախված է կարկուտի չափից: Հաճախակի
վտանգ են ներկայացնում 10-15 մմ տրամագիծ ունեցող կարկտահատիկները, իսկ 30-40 մմ և
ավելի խոշորները ոչնչացնում են ցանքատարածքները, կոտրում տների տանիքներն ու ապակիները,
վիրավորում տնային կենդանիներին ու թռչուններին: Հազվագյուտ դեպքերում պատահում են
100-200 գ կշիռ ունեցող, հավի ձվի մեծության կարկտագնդեր, որոնք մահացու հարվածներ
են հասցնում մարդկանց և կենդանիներին: Կարկուտն ամենամեծ վնասը հասցնում է գյուղատնտեսությանը,
հատկապես՝ խաղողագործությանը, պտղաբուծությանը և բանջարաբուծությանը: Ողջ աշխարհում
մշակվել և փորձարկվել են հակակարկտային մի շարք միջոցառումներ՝ կարկտային ամպերի վրա
ազդանյութերով ակտիվ ներգործության եղանակներ (ավիացիոն, հրթիռային, գազագեներատորային
և այլն), գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու տարբեր մեթոդներ (օրինակ՝
բույսերի պաշտպանություն մետաղական կամ պոլիմերային ցանցերի միջոցով): Կարկտի դեմ պայքարի
առավել տարածված եղանակը ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով լրացուցիչ
խտացման կորիզների ներարկելն է, որը կատարվում է ռադիոտեղորոշման միջոցով։ Կարկուտի
կանխարգելման կամ մեղմացման համար հիմնականում օգտագործում են հիմնականում երկու մոթոդ՝
հրթիռներով կամ արկերով ամպերի սերմանացանմամբ՝ արծաթի յոդիտով կամ այլ ռեագենտներով
ու աէրոզոլներով, որոնք ստիպում են ջրային գոլորշուն և ջրի մանր կաթիլներին սառչել
և թափվել ցած ավելի բարձր ջերմաստիճաններում (-15 – -200C), քան բնական ջերմաստիճանային
պայմաններն են (մոտավորապես -400C), կամ ամպերի վրա ազդում են ձայնային տիրույթի հարվածային
ալիքներով, որոնք գեներացվում են ձայնային գեներատորներով կամ վառոդային հրանոթներով:
No comments:
Post a Comment