Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։
Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։
Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։
Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․
Բանաստեղծության հեղինակը Սմբատ Շահազիզն է, fերգը գրառել և մշակել է Կոմիտասը: Համացանցից հետաքրքրվեցի Սմբատ Շահազիզի մասին: «Բոլոր դեպքերում Շահազիզի այդ բնույթի գործերն էլ, ինչպես՝ «Երազ», «Ինձ մի սիրի», «Ոգի Հայաստանի», «Գիշեր», «Աշտարակ» և այլն, ունեն որոշակի հայրենասիրական շեշտվածություն։». Ահա այն, ինչ ինձ ամենաշատը հետաքրքրեց: Մինչև դա կարդալը կարծում էի՝ բանաստեղծությունը մոր հանդեպ սիրո մասին է, բայց հիմա կարծիքս փոխվեց: Ամեն տողը կարդալիս կարելի է զգալ բանաստեղծի սերը մոր հանդեպ: Շատ կարոտ ու ջերմություն կա: Բանաստեղծությունը կարող է լինել նաև հայրենիքի մասին: Չէ՞ որ մեր հայրենիքը ինչ-որ տեղ մեր մայրն է: Սմբատ Շահազիզը հիսունհինգ տարի ապրել է Մոսկվայում, կարծում եմ՝ հենց դա էլ եղել է հայրենասիրկան շեշտվածություն ունեցող բանաստեղծություններ գրելու պատճառը: Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն հաճելի է՝ Կոմիտասին հատուկ, բայց մեկ անգամից ավել չէի լսի: Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա:
No comments:
Post a Comment