Wednesday, January 30, 2019

Բոլորը՝ ցրտից սառած և ջերմության կարոտ...


Աշնանային Արատեսը մտքումս պահած՝ ճանապարհ ընկանք դեպի Ձմեռային Արատես՝ ինձ արդեն հարազատ դարձած մարդկանց հետ: Սիրում եմ Հայաստանը՝ իր գեղեցկությամբ, քարերի, սարերի, կիրճերի մեջ մարող օլոր-մոլոր, ճերմակ ձյունից ծանրացած ճանապարհներով, որոնք պարտադրում են վայելել ամեն վայրկյանը: Այս բոլորը շատ ավելի գեղեցիկ է, երբ քեզ սիրելի մարդկանց հետ ես, ու այն մարդկանց հետ, ովքեր քեզ հարազատ կդառնան մի քանի օր հետո: Հողապատ սենյակը տաքացնող վառարանի շուրջ մոտ քսան հոգի նստած, զրուցում են, կատակում, ծիծաղում ու տաք թեյ խմում: Բոլորը՝ ցրտից սառած և ջերմության կարոտ:
Չորս կողմից պար են բռնել ձնոտ լեռները, իսկ ոտքերի տակ ճռճռացող ձյունը ստիպում է վայելել ձմռան շունչն ու սառնությունը: Սառում ես մինչև ոսկորներդ, սակայն երբ պտտվում ու տեսնում ես ուրախ ընկերներիդ՝ սահնակ քշելիս, նրանց ուրախությունից ներսդ ջերմությամբ է լցվում. ուզում ես դու էլ փորձել՝ վայելելով ընկնելու հաճույքը: Ջերմությունը հոգատարություն է դառնում, և օդում ամեն րոպե ավելանում է սիրո, ընկերության և ջերմության բույրը. լեռները ավելի գեղեցիկ են, ձյունը՝ ավելի հաճելի: Հետաքրքիր է, երբ դեռ մեկ օր առաջ անծանոթ մեկի հետ ձնագնդի ես խաղում, մի սենյակում քնում մեկի հետ, ում դեռ երեկ չէիր ճանաչում, ուտելիքդ կիսում մեկի հետ ում հետ անցկացրել ես քո կյանքի ընդամենը երկու օրը, բայց հասցրել ես համատեղ հիշողություններ ստեղծել:




No comments:

Post a Comment