
Աշնանային Արատեսը մտքումս պահած՝ ճանապարհ ընկանք դեպի Ձմեռային
Արատես՝ ինձ արդեն հարազատ դարձած մարդկանց հետ: Սիրում եմ Հայաստանը՝ իր գեղեցկությամբ,
քարերի, սարերի, կիրճերի մեջ մարող օլոր-մոլոր, ճերմակ ձյունից ծանրացած ճանապարհներով,
որոնք պարտադրում են վայելել ամեն վայրկյանը: Այս բոլորը շատ ավելի գեղեցիկ է, երբ
քեզ սիրելի մարդկանց հետ ես, ու այն մարդկանց հետ, ովքեր քեզ հարազատ կդառնան մի քանի
օր հետո: Հողապատ սենյակը տաքացնող վառարանի շուրջ մոտ քսան հոգի նստած, զրուցում են,
կատակում, ծիծաղում ու տաք թեյ խմում: Բոլորը՝ ցրտից սառած և ջերմության կարոտ: