Էջեր

Thursday, May 16, 2019

Կարկուտ


Կարկուտը բնական երևույթ է, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Կարկուտն առաջանում է, երբ երկրի մակերեսից բարձրացող օդային ուժեղ հոսանքների ազդեցության տակ գերսառեցված ամպերում տեղի է ունենում ջրի կաթիլների արագ սառեցում և սառցապատում: Կարկտաբեր ամպեր հիմնականում ձևավորվում են լեռնային գոտիներում:
Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը՝ 6-55 մմ, երբեմն՝ ավելի քան 7 սմ։ Մինչև 20 մմ տրամագծի դեպքում կարկուտը համարվում է օդերևութաբանական վտանգավոր երևույթ, 20 մմ-ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր։ Տևողությունը, որպես կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ:  Այս տեսանկյունից Հայաստանը համարվում է աշխարհի կարկտավտանգ տարածքներից մեկը: Տարվա ընթացքում կարկուտով օրերի առավելագույն թիվը Տաշիրում կազմում է 19 օր, Արագածոտնում՝ 9 օր, Երևանում՝ 7 օր: Կարկտահարության հասցրած վնասը կախված է կարկուտի չափից: Հաճախակի վտանգ են ներկայացնում 10-15 մմ տրամագիծ ունեցող կարկտահատիկները, իսկ 30-40 մմ և ավելի խոշորները ոչնչացնում են ցանքատարածքները, կոտրում տների տանիքներն ու ապակիները, վիրավորում տնային կենդանիներին ու թռչուններին: Հազվագյուտ դեպքերում պատահում են 100-200 գ կշիռ ունեցող, հավի ձվի մեծության կարկտագնդեր, որոնք մահացու հարվածներ են հասցնում մարդկանց և կենդանիներին: Կարկուտն ամենամեծ վնասը հասցնում է գյուղատնտեսությանը, հատկապես՝ խաղողագործությանը, պտղաբուծությանը և բանջարաբուծությանը: Ողջ աշխարհում մշակվել և փորձարկվել են հակակարկտային մի շարք միջոցառումներ՝ կարկտային ամպերի վրա ազդանյութերով ակտիվ ներգործության եղանակներ (ավիացիոն, հրթիռային, գազագեներատորային և այլն), գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու տարբեր մեթոդներ (օրինակ՝ բույսերի պաշտպանություն մետաղական կամ պոլիմերային ցանցերի միջոցով): Կարկտի դեմ պայքարի առավել տարածված եղանակը ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով լրացուցիչ խտացման կորիզների ներարկելն է, որը կատարվում է ռադիոտեղորոշման միջոցով։ Կարկուտի կանխարգելման կամ մեղմացման համար հիմնականում օգտագործում են հիմնականում երկու մոթոդ՝ հրթիռներով կամ արկերով ամպերի սերմանացանմամբ՝ արծաթի յոդիտով կամ այլ ռեագենտներով ու աէրոզոլներով, որոնք ստիպում են ջրային գոլորշուն և ջրի մանր կաթիլներին սառչել և թափվել ցած ավելի բարձր ջերմաստիճաններում (-15 – -200C), քան բնական ջերմաստիճանային պայմաններն են (մոտավորապես -400C), կամ ամպերի վրա ազդում են ձայնային տիրույթի հարվածային ալիքներով, որոնք գեներացվում են ձայնային գեներատորներով կամ վառոդային հրանոթներով:

No comments:

Post a Comment