Էջեր

Thursday, December 20, 2018

Ժպիտով դիմավորեցին, արցունքներով ճանապարհեցին…

Այնքան բան կա պատմելու, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ: Յոթ օր ուրիշ մարդկանց հետ, ուրիշ երկրում, ու այնքան հիշողություն: Կարճ ժամանակ անց ուրիշ մարդիկ ու ուրիշ երկիրը դարձան հարազատ: Մեկ շաբաթը շատ քիչ էր Ստամբուլը ամբողջությամբ ճանաչելու համար, բայց բավարար էր այն սիրելու համար: Ստամբուլ մտնելուն պես նկատեցի ստամբուլյան բնությունը: Քաղաքը յուրահատուկ գեղեցկություն ունի, յուրահատուկ բնություն ու յուրահատուկ բնակչություն: Մեզ դիմավորեցին մեծ սիրով և ջերմությամբ: Ավտոբուսը հենց կանգնեց, դիմավորեցին մեզ լայն ժպիտներով մարդիկ, որոնք մեզ հարազատ էին դառնալու:

Հյուրընկալվեցի Լարիսայի տանը, որտեղ ինձ ընդունեցին մեծ սիրով: Լարիսայի հայրը՝ Լևոնը, շատ հյուրընկալ մարդ է, բարի ու հոգատար: Նա միշտ հետևում էր, որ իմ ափսեն չդատարկվի ու ,երբ ընթրում էինք տանից դուրս, հետևում էր, որ ես համեղ բաներ ուտեմ: Ու դա շատ լավ էր ստացվում: Լևոնը՝ արդեն հայրս, ինչ-որ չափով մոռացել էր հայերենը, բայց ինձ հետ հնարավոր ամեն ձևով շփվում էր: Երբեմն իրար չէինք հասկանում, բայց դա չէր խանգարում մեզ շարունակել շփումը: Շփումս մայրիկիս՝ Լերնայի հետ ավելի հեշտ էր, և ոչ պակաս հաճելի: Հենց նրան էի տեսնում առավոտյան արթնանալիս և գիշերը՝ քնելուց առաջ:
Ամեն առավոտ հաճույքով նայում էի՝ ինչ սիրով է արթնացնում Լարիսային և ինչ սիրով ճանապարհում մեզ դպրոց: Իմ օրվա մի մասն էր դարձել առավոտյան նրա «աղվոր քնեցա՞ր» հարցը: Իսկ Լարիսան մի սիրունիկ աղջիկ էր, որին կարելի էր անվերջ նայել: Իր հոգատարությամբ չէր զիճում ո՛չ հայրիկին, ո՛չ էլ մայրիկին: Փորձում էր կատարել իմ ցանկությունները ու օրս ավելի հետաքրքիր դարձնել: Ամեն երեկոյան մի քանի հոգով հավաքվում ու գնում էինք մի օր խանութներ, մյուս օրը ուղղակի սուրճ խմելու, և այդպես շարունակ: Շատ լավ ընտանիք է, իսկ ինձ ընդունեցին, ինչպես իրենց երկրորդ աղջկա:
Շնորհակալություն ինձ այդքան երես տալու ու այդքան նվերի համար: Նրանց մասին դեռ կարելի է էլի խոսել, բայց դեռ այնքան բան ունեմ պատմելու: Մի ուրիշ պատմություն էր դպրոցը: Շատ էր մեր ու նրանց դպրոցի տարբերությունը, բայց նաև շատ էր նմանությունը: Ինչպես մեր դպրոցում, այնտեղ էլ սովորողներին ազատություն էր տված, որից նրանք լավ օգտվում էին: Նրանք նույնպես ունեն տարբեր ոլորտներում զարգանանալու հնարավորություն: Դպրոցում նոր ընկերներ ձեռք բերեցի: Բարևներ Նաիրային ու այն պապիկին, ով մեզ անվճար ուտելիք էր տալիս: Դպրոցում
մեզ լայն ժպիտներով դիմավորում էին օրիորդները՝ ուսուցիչները, ու տիկին Սիլվան: Օրիորդ Լիզեթը շատ տարօրինակ ձևով հիշում էր բոլորիս անունները, նույնիսկ՝ ինչ ենք խնդրել նրան ու ինչ ենք ասել: Զարմանալի կին է օրիորդ Լիզեթը: Հիշել գրեթե երեք հարյուր սովորողի անուն ու ճանաչել նրանց առանձին-առանձին շատ դժվար բան է, իսկ նա դա անում է շատ հեշտությամբ: Դպրոցում մեզ լավ կերակրում էին ու դրանով զբաղվում էր պապիկը։ Նա մեզ համեղ ուտելիքներ էր տալիս ու հետևում էր, որ մենք ուտենք այն, ինչ ուզում էինք: Ամեն օր նոր բաներ էր տալիս, որոնք շատ համեղ էին: Շատ բարի պապիկ էր, հոգատար ու ամեն ինչ անում էր, որ մենք գոհ լինենք: Դե, բոլորը շատ հոգատար էին, բայց պետք չէ մոռանալ տիկնոջը: Նրա բարությանը չափ ու սահման չկար, իսկ նրա ժպիտով սկսվեց ու ավարտվեց ստամբուլյան հրաշքը: Մինչ վերադարձը պետք է պտտվեինք Ստամբուլով:
Շատ տեղեր գնացինք, բոլորը գեղեցիկ ու հետաքրքրիր: Բայց ամենաշատը տպավորվեց Դոլմաբահչան: Դոլմաբահչան՝ Սուլթանների պալատը, հեքիաթային ու շքեղ մի վայր է, որի ճարտարապետներից մեկը հայ է եղել: Ամեն քայլին կարելի էր լուսանկար անել: Շատ գեղեցիկ վայր էր, բայց Ստամբուլյան հրաշքը Դոլմաբահչայով չի ավարտվում։ Բոսֆորի նեղուցը, Գալաթայի աշտարակը, շքեղ ձևավորված խանութներն ու փողոցները, Շիշլիի գերեզմանոցը և էլի սիրուն տեղեր, որտեղ պետք է լինել: Ստամբուլը զարմացրեց նաև իր բնակչությամբ: Սկզբից մտահոգություն կար, որ մեզ չեն ընդունի, բայց այնպիսի հյուրընկալության արժանացանք, որ բոլոր մտահոգությունները անհետացան: Փողոցում հետաքրքրված աչքերը շատ էին, երբ հայերեն էինք խոսում: Շատ էին հարցնում՝ որտեղից ենք եկել ու ինչ լեզվով ենք խոսում: Ճիշտ է, ճանապարհը երկար է՝ մեկ օր, բայց Ստամաբուլը տեսնելու համար արժե նույնիսկ շաբաթներով գնալ: Բոլորին արդեն շատ, շատ կարոտել եմ, սպասում եմ ապրիլին՝ իրենց այցելությանը Հայաստան:







No comments:

Post a Comment